Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին շրջանառվող լուրերը
Արցախի ԱԳՆ-ն, ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել ոչ իր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Այս մասին նշել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում տարածվող լուրերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցի:
«Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին, արցախյան կողմն, իր հերթին, պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով և առաջարկներով»,- հավելել են Արցախի արտգործնախարարությունից:
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշել են Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...