![Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/b5f142a81acc0e1e2bc67db7ce4cbdcd.webp)
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
![Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/b5f142a81acc0e1e2bc67db7ce4cbdcd.webp)
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում մի շարք երկրների քաղաքական գործիչներ հանդես են եկել Լաչինի միջանցքը անհապաղ բացելու, հումանիտար իրավիճակը բարելավելու և Կարմիր Խաչի գործունեությունը վերականգնելու օգտին։
Նիդերլանդների արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված:
«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ է հետևում հումանիտար իրավիճակին, որն ազդում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա, և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին»,- ասված է նախարարության Թվիթերի միկրոբլոգում:
***
ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը ևս, հղում կատարելով Բորելի հայտարարությանը, աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին:
«Ադրբեջանի իշխանությունները անհապաղ պետք է ապահովեն անվտանգ և ազատ տեղաշարժը միջանցքով և թույլ չտան ճգնաժամի խորացում»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հայերեն գրառման մեջ:
***
Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ նման կոչ է արել Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը: Նա Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական միությանը հորդորել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ ստեղծված իրավիճակն էլ ավելի չսրվի:
«Միանգամայն անընդունելի է, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից չի հասնում Լեռնային Ղարաբաղ»,- գրել է Բերգը։
***
Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ Դևիդ Ալթոնը ևս անհանգստություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ։
«Կարմիր խաչը մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Ալթոնը:
***
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը քննարկել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները: Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին պնդումները քաղաքական շահարկումներ են:
Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը ոչ կառուցողական են որակել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը, ընդգծել ներքին հարցերը տարածաշրջանի երկրների ու դերակատարների մասնակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները նաև ընդգծել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների և տնտեսության ոլորտներում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային համաձայնագրերի իրականացման կարևորությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։
Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բելառուս, Բուլղարիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Իրաք, Լեհաստան, Լիտվա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Ուկրաինա, Ֆրանսիա, ԿԽՄԿ, ՄԱԿ։