
Սյունիքում կինն ու ամուսինը բարձով խեղդել են մայրիկին` 4 օր անց թաղել. բացահայտում

Հուլիսի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները բացահայտել են հանցագործությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են այդ զարհուրելի արարքը։
Արցախցի 76-ամյա բնակչին, ով առողջական խնդիրներ ու հաշմանդամության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել են, ապա 4 օր անց թաղել են գյուղին հարակից դաշտում։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։