
Մենք օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ. Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել.
«Ներընդդիմադիր անպտուղ, նիկոլահաճո և զազրելի գզվռտոցը, ի հակառակ պետության դուռը չոքած բազում կենսական դարդերի, ոչ միայն չի դադարում, այլև օրեցօր առավել անմակարդակ և եղկելի է դառնում։
Երկրորդ նախագահի ճամբարում պալատական հեղաշրջման արդյունքում «ֆավորիտ» դարձած մի խումբ արդեն մի քանի ամիս է, ինչ կարողանում է իրենով լցնել Ռոբերտ Քոչարյանի թիմի քարոզչությունն ու օրակարգը՝ հետին պլան մղելով առավել ծանրակշիռ և խոհեմ գործիչների։
Նախկինում քաղաքական խոսույթով, լավ մարդկային բազայով, խաղացողների պատկառելի նստարանով այս ճամբարն այժմ գերադասում է իշխանությունների դեմ խոստացված համառ պայքարը փոխարինել Երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ գարշահոտ և նիկոլաբույր հակաքարոզչությամբ՝ վատնելով ընդդիմության առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսները, շեղելով հանրային ուշադրությունն առավել առաջնահերթ խնդիրներից, խորացնելով հասարակության հիասթափությունը բոլոր քաղաքական գործիչներից և այսպիսով, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, ջուր լցնելով Փաշինյանի քաղաքական հաշվարկների վրա։
Սույն պահվածքը ոչ միայն բարոյականության, այլև բանականության հետ աղերս չունի։ Մի կողմից՝ երկրում մոլեգնող տեռորը, գեոպոլիտիկ աճուրդում վերահաս մուրճի վերջին հարվածը, ազգային ինստիտուտների կազմալուծմանն ուղղված հերթական արարը պիտի որ տեղ չթողնեին այլ օրակարգերի համար։
Մյուս կողմից՝ քաղաքական դաշտի վերադասավորումները, նոր և ազդեցիկ կենտրոնների ձևավորումը և այս ճամբարի՝ ընդդիմության առաջատարի դեղին շապիկն ամեն գնով պահելու իդեա-ֆիքսը պիտի որ ուղղեին իրենց էներգիան և ռեսուրսները սեփական մրցունակությունն ավելացնելու ուղղությամբ։ Այլևս Պոլիշինելի գաղտնիք է այն փաստը, որ Երկրորդ նախագահի տեսանելի առաջնահերթությունը քաղաքական դաշտում ունեցած կապիտալի պահպանումն է և դրա սահուն փոխանցումը ժառանգորդին։
Այնինչ թե՛ իր կողմից լեգիտիմացված հակահանրապետական դիվերսիաները, թե՛ վերոնկարագրված ներքաղաքական զարգացումները վտանգում են այս երկու ռազմավարական նպատակների իրագործումը։ Եթե այսպես շարունակվի, «brain-drain»-ը և ռեսուրսների արտահոսքն այս ճամբարից դեպի ավելի մրցունակ կենտրոններ՝ թվում է այլևս անխուսափելի։ Պատկերավոր ասած, եթե նախկինում ավելի շատ ՀՅԴ-ն ուներ Երկրորդ նախագահի կարիքը, ապա այժմ այդ քաղաքական վեկտորը մտնում է ռևերսիվ փուլ։
Ի տարբերություն մեզ, ակնհայտորեն նախընտրական տրամաբանության մեջ մտած մեր գործընկերներին այս ամենը պետք է որ ավելի անհանգստացնի, քան Երրորդ նախագահի և ՀՀԿ-ի դեմ անբացատրելի և հիվանդագին մոլեռանդությամբ իրականացվող հակաքարոզը։ «Միասին աշխատելու» փոխարեն՝ «սկենք միասին» գործելաոճը թելադրելու փորձերը մեզ համար մերժելի են։ Հայտնի է, որ ջրահեղձ լինողն իր անկանոն շարժումներով և խուճապով՝ փրկության հասած մարդուն երբեմն փորձում է տանել իր հետ։
Մենք օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ։ Ընտրությունը ձերն է, բայց շատ ժամանակ չունենք»: