
Բելառուսի անվտանգության երաշխավորը՝ Ռուսաստանն է․ Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսի անվտանգության երաշխավորն է: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես նույնիսկ չեմ խոսում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության մասին։ Հատկապես ռազմական ոլորտում։ Եթե մենք 2020 թվականին չկանգնեինք, գիտենք, թե ինչ կլիներ։ Եթե Ռուսաստանը չաջակցեր մեզ այս դժվարին ժամանակներում՝ սկսած սովորական և միջուկային զենքերից, շատ դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ այսօր։ Մենք, հավանաբար, արդեն դեմ առ դեմ կլինեինք Արևմուտքում ՆԱՏՕ-ի դաշինքի հետ։ Ահա թե ինչու է Ռուսաստանը մեզ համար մեր անվտանգության երաշխավորը», - ընդգծել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն նաև մերժել է այն ենթադրություններն, որ Բելառուսի բազմաբևեռ քաղաքականությունը կարող է փչացնել հարաբերությունները հանրապետության հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ։
«Նման բան չկա։ Դուք պետք է, գոնե քանի դեռ ես նախագահ եմ, հիշեք աքսիոմը. մեզ համար չկա և չի կարող լինել ոչինչ, որն ավելի մոտ է Ռուսաստանին և ռուս ժողովրդին»,- եզրափակել է իր ելույթը Բելառուսի առաջնորդը։