Արձանագրված լոգիստիկ և այլ խնդիրների պատճառով բարձրացել է հեղուկ գազի գինը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել, ըստ որի հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։


Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։


Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքներով՝ հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով, սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով, սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։


Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով։

Քաղաքականություն