Թայսոն Ֆյուրին հրաժարվել է Ուկրաինային վճարել 1 մլն դոլար՝ ուկրաինացի Ուսիկի հետ մենամարտի համար
Ծանր քաշային կարգում WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հրաժարվել է Ուկրաինային վճարել 1 մլն դոլար՝ Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA; Super), Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) վարկածներով տիտղոսակիր ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտի համար։ Այս մասին հայտնել է Ուսիկի մենեջեր Ալեքսանդր Կրասյուկը, գրում է Kommersant-ը։
Ինչպես Ալեքսանդր Կրասյուկը պատմել է Boxing Social պորտալին, Ֆյուրին բանակցությունների ընթացքում Ուսիկին առաջարկել է մենամարտի բոլոր վճարումների 30%-ը։ Նրա խոսքով՝ Ուսիկը պատասխանել է՝ պայման դնելով, որ Ֆյուրին պետք է 1 միլիոն դոլար վճարի Ուկրաինային. «Սա նվիրատվություն չէ, սա բարեգործություն չէ, սա իմ պայմանն է», - Ուսիկի խոսքերն է մեջբերել Կրասյուկը։
«Թայսոնը չէր ցանկանում վճարել Ուկրաինային։ Եվ ես երբեք չեմ հայտնի պատճառը։ Որովհետև դա ընդմիշտ կկործանի նրա կերպարը»,- հավելել է Ալեքսանդր Կրասյուկը:
Boxing Social-ը մեկնաբանությունների համար չի կապվել Թայսոն Ֆյուրիի և նրա ներկայացուցիչների հետ:
Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտի խզման մասին հայտնի դարձավ մարտին։ Marca-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ եկամուտների բաշխման հարցում։ Ինչպես գրել է պորտալը, Ուսիկը հանդես է եկել եկամուտների հավասար բաշխման օգտին, Ֆյուրին պահանջել է մենամարտից ստացված գումարի մեծ մասը։