Արմավիրում ավտովթարից հետո ծեծկռտուք է եղել. վիրավոր կա

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին, և հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նրան ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Իգոր Բ․-ն է։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Վահրամ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 18 հասցեի դիմաց կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Ա.-ին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վահրամ Մ.-ի և Սուրեն Ա․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որին միացել են նաև Իգոր Բ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Կյուրեղ Գ․-ն, 41-ամյա Հայկ Խ․-ն և 34-ամյա Ռաֆիկ Ա․-ն։ Վերջինս եղել է իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև Վահրամ Մ.-ի որդին՝ 22-ամյա Սամվել Մ.-ն։ 

Վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Վահրամ Մ․-ն իր մոտ եղած պտուտակահանով անկանոն շարժումներ կատարելու ընթացքում հարվածել է Իգոր Բ․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ 

 

«Ավտոմեքենայի հարվածի ձայն լսեցինք։ Մեկ էլ տեսնենք՝ մի քանի հոգի հավաքվեցին ու սկսեցին իրար տալ։ Է՛լ հայհոյանքներ էին հնչեցնում, է՛լ իրար էին խփում։ Մտածեցինք՝ հեսա ստեղից դիեր ա, որ տանելու են։ Բայց լավ էր, մի քանի րոպեում Արմավիրի ոստիկաններն եկան, դրանց սաղին փռին ասֆալտին ու տարան։ 

Հետո իմացանք՝ 1 հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել։ Եթե ոստիկանները մի քիչ ուշ գային, ոչ թե 1 հոգի էր հիվանդանոց տեղափոխվելու, այլ մի քանի, ու գուցե՝ նաև մի կաթիլ մեղրի պատմություն դարձած վիճաբանություն-ծեծկռտուքը ողբերգական ավարտ ունենար։

Հետո տեսանք, որ ոստիկանները մեքենաները տարան պլաշադկա։ Բայց դե ճիշտ է ոստիկանները կանխեցին հետագա զարգացումը, բայց ամոթ ա, մի բուռ հայ ենք մնացել, էն էլ՝ մի չնչին ավտովթարի պատճառով իրար չեն հասկանում, իջնում ու իրար սամասուդ են անում»։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են պտուտակահանը, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով են տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Դեպքի հանգամանքները պարզվում են, ինչպես նաև՝ արդյո՞ք կռվին այլ մասնակիցներ եղել են, թե՞ ոչ։ 



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։