Կարծես թե կողմերը դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման համար հիմք վերցնել 1975-ի քարտեզները․ Փաշինյան

Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ կարևոր քայլ են ամրագրել ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Ադրբեջանի նախագահի Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

 

«Այսօրվա հանդիպմանը շատ նախնական, բայց կարևոր դետալ կա։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ Սա նշանակում է` ևս մի քայլ վերահաստատելու 29,800 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը»,– ասել է Փաշինյանը։

 

Փաշինյանը նաև հայտնել է, որ մանրասն քննարկվել է ԼՂ քաղաքացիների իրավունքների և անվտանգության հարցերի բանակցությունների մասով, որտեղ ԵՄ միջնորդ գործընկերներն էլ են դիրքորոշում հայտնել: Նրա խոսքով` ընդհանուր ըմբռնումն այնպիսին է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափով, որը պետք է գործի կամ տեղի ունենա միջազգային ներգրավվածությամբ։

 

Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 12-ից ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ կլինեն Վաշինգտոնում, իսկ հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիների բացման հետ կապված եռակողմ հանդիպում է նախատեսվում Մոսկվայում, Շառլ Միշելն էլ ցանկություն է հայտնել աշնանը Իսպանիայում հնգակողմ հանդիպում կազմակերպել:

 

Հնգակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը վերահաստատել է, որ համաձայն է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը մեր տարածքում անցնող ուղիների դեպքում ՀՀ սուվերենության և իրավազորության ներքո։

Քաղաքականություն

Պատահարներ