![Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին](https://auroranews.am/storage/img/base_image/old/0578368205d90f26eea9683593e0b643.webp)
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
![Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին](https://auroranews.am/storage/img/base_image/old/0578368205d90f26eea9683593e0b643.webp)
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։
«Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։
Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։