Ընդդիմությունը չի կարող միաժամանակ վիճարկել ընտրություններն ու վերցնել մանդատները. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնելու որոշմանը՝ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ֆոնին։
Թե՛ իրավական և թե՛ քաղաքական տեսանկյուններից ընդդիմադիրները կասկածի տակ են դնում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը, դիմել են Սահմանադրական դատարան և այլ քայլերի դիմել, սակայն միևնույն ժամանակ հայտարարում են մանդատները վերցնելու մտադրության մասին։ Այս հարցի շուրջ իր տեսակետն է արտահայտել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Մանդատներ վերցնել-չվերցնելը քաղաքական այս ամբողջ խոսույթի ամենամակերեսային շերտում գտնվող հատվածն է, խորքում կա քաղաքական տրամաբանության բացակայության հարցը։ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, ու հատկապես ԲՀԿ-ի ձայների ԿԸՀ-ի կողմից որոշման ու ՍԴ-ի կողմից վերաքվեարկություն չնշանակելու այս պատմության հետ կապված, իսկապես գռեհիկ կերպով զրկեցին մանդատներից, եթե իսկապես էդպես են համարում, ես էլ եմ այդպես համարում, գնում են խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում են ընտրությունների արդյունքները: Երբ ես ասում եմ, որ պետք չի մանդատներ վերցնել, ինքնանպատակ չեմ ասում, եթե դու մանդատ չես վերցնում, ապա դրա հետևում պետք է լինի հանրային կոնսոլիդացիա, միջազգային գործընկերների աջակցություն, հստակ քաղաքական օրակարգ և ճնշում ձևավորելու ունակություն, այսինքն ընդդիմության արդյունավետությունը չափվում է ոչ թե ելույթներով, հայտարարություններով, այլ չափվում է իշխանության վարքագիծը փոխելու կարողությամբ»,- նշել է նա։