Դիպուկահարները կրակել են ուկրաինացի և իտալացի լրագրողների․ նրանցից մեկը զոհվել է
Ուկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, ով օգնել է իտալական La Repubblica թերթի թղթակից Կորադո Զունինոյին լուսաբանել Ուկրաինայի պատերազմը, մահացել է դիպուկահարի կրակոցից Խերսոնի մատույցներում: Իտալացի լրագրողն ուսի շրջանում վիրավորում է ստացել։
Սպանված լրագրողի դին դեռ չի հաջողվում տարհանել։
Երկու լրագրողներն էլ կրել են «Մամուլ» գրությամբ շերտավոր բաճկոններ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իտալական լրատվամիջոցներին ասել է, որ սպանության համար պատասխանատու են ռուսները։ «Ռուսներին չի հետաքրքրում՝ դու ռո՞ւս ես, իտալացի՞, թե՞ ուկրաինացի, նրանք ուղղակի կրակում են», - ասել է նա։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ իր գրասենյակը և Կիևում Իտալիայի դեսպանատունն աշխատում են Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Զունինոյին Իտալիա վերադարձնելու ուղղությամբ։
Մոսկվայից մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։