«Այ դրա համար ինձ արժե դատել»․ Փաշինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հիշեցնելով, որ գործադիրի ղեկավարը հայտարարել էր, որ բանակցություններում սկսում է իր կետից և, որ պատերազմից հետո է միայն պարզվել, որ 2019-ին բանակցությունների սեղանին փաստաթուղթ է եղել, բայց թաքցվել են բանակցային գործընթացի նրբությունները, դիմեց Փաշինյանին․
«5 տարի է իշխանության եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան ձեր բանակցածից»։
Խամոյանը հայտարարեց, որ նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու ներկայիս իրողություններից:
Փաշինյանը համաձայնեց, որ իր բանակցած փաստաթղթի մասին բան չի ասել, որովհետև դեռ չի հասցրել բանակցել:
«Ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին: 2019 թվականի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է և այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանն էլի այս ամբիոնից հայտնի հայտարարությունն արեց»,-պատասխանեց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ այսօր խոսում է այն մասին, ինչ 2019 թվականի մարտին ԼՂ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում է ասել՝ այլ տրամաբանությամբ և բառապաշարով:
«Եվ այն ժամանակ է, որ ինքնորոշման իրավունքի նկատմամբ իմ վերաբերմունքը ոչ թե փոխվել է, այլ ես կարդացել, տեսել եմ, թե դա ինչի մասին է: Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007 թվականին, այն է, որ մինչև ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել հենց ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով զրոյական կետի մասին իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նույն ելույթում 2019 թվականի մարտին հրապարակային է առաջարկել հասկանալ, թե Մադրիդյան սկզբունքներն ինչ են, թե այդ սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ էր ինքնորոշվել:
«Սրա մասին հրապարակային էլ եմ խոսել, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա է զրոյական կետը»,-ասաց վարչապետը և ավելացրեց, որ իր սխալն այն է, որ ինքն այն ժամանակ պետք է այդ բանակցային թղթերը ցույց տար, ասեր, որ հասել են այդ կետին, տարբերակ չունեն:
«Այ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է: Այ դա իմ սխալն է»,-նշեց վարչապետը։