«Կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել»․ Փաշինյան

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է Ադրբեջանի հետ ՀՀ-ի ունեցած հիմնական կոնֆլիկտը։

 

«Դուք նշում եք 29 հազար 800 քառակուսու մասին և Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն ծավալելու մասին, կարո՞ղ եք քաղաքական կոռեկտությունն ու դիվանագիտական բանակցային գաղտնիությունը պահելով՝ ասել դա»,– նշեց Գաբրիելյանը։

 

Վարչապետը նշեց․

 

«Ինչումն է կոնֆլիկտը․ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հարցը իր ներքին հարցն է, ու դա չի քննարկելու որևէ մեկի հետ։ Սա արդյոք մեր վատ ու ապաշնորհ քաղաքականության հետևա՞նքն է, կարող է լինել՝ թե՛ այո, թե՛ ոչ։ 2017 թվականին Սերժ Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւմն է խնդիրը, պատասխանել է նույնը»։

 

Ըստ Փաշինյանի՝ հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքի մասին։

 

«Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ ի՞նչ միջանցքից եք խոսում, ասում են՝ մեզ ասել են, որ խոստացել ա՝ միջանցք պետք է տա, հիմա չի կատարում, ու ունենք այս պրոբլեմները։ Ես կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել։ Այդ մոտեցումը չեմ հասկանում, բայց իրենք ասում են՝ տեղ կա, մենք վստահելի մարդիկ ունենք, ասել են, որ խոստացել ա, խոսույթներ են զարգացնում։ Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, ասում են՝ ադրբեջանցիներ են ապրել ՀՀ-ի տարածքում, Նախիջևանում էլ հայեր են ապրել, Բաքվում, Սումգայիթում»,- նշեց Փաշինյանը։

 

Փաշինյանը նշեց՝ փոխադարձ անվստահություն կա, պետք է հասկանալ՝ ինչպես է դա հաղթահարելի. 

 

«Բայց այստեղ կարևորը նաև ԼՂ-ի ժողովրդի հարցն է ու անվտանգության երաշխիքները»։