ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները հայ կանանց և երեխաներին իջեցրել են ավտոբուսից, հայհոյել ու սպառնացել․ Դավիթ Բաբայան

Այսօր արդեն հայտնել էինք, որ երեկ՝ ապրիլի 4-ին, Գորիսից Ստեփանակերտ մեկնելու ժամանակ արգելափակման մեջ են հայտնվել մի խումբ արցախցիներ։ Ադրբեջանցիներից մի քանիսը ներխուժել էին նրանց տեղափոխող մեքենա, իրավիճակն այնքան էր սրվել, որ արցախցիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել էր, նրանցից 3-ը ուշաթափվել էին։ 

 

Ադրբեջանական լրատվականներն իրենց երկրի ներկայացուցիչների վայրագությունները կոծկելու նպատակով տեղեկություններ են տարածում, որ ուշագնաց եղած արցախցիներին իրենք են տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, առաջին օգնություն ցուցաբերել, չնշելով, թե ինչի հետևանքով են նրանք հայտնվել այդ վիճակում։ Ադրբեջանին բնորոշ քաղաքականությունը տարվում է նաև այստեղ՝ հրահրում են, վնասում, իսկ հետո փորձում որպես բարեհոգի և բարեկամ ներկայանալ։ 

 

Տեղի ունեցած միջադեպի մասին Auroranews-ը զրուցեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։ Բաբայանը մեզ հետ զրույցում ուշագրավ և սահմռկեցուցիչ մանրամասներ հայտնեց։ 

 

«Տեղի է ունեցել սարսափելի երևույթ, զզվելի երևույթ։ Ադրբեջանական այդ զինված ստորաբաժանումները կանգնեցրել են երեխաներին և կանանց տեղափոխող մեքենան, մարդկանց դուրս են հանել, հայհոյել են, սպառնացել են․ մի քանի հոգի ուղղակի վատացել են: Սրանք պարզապես տեղափոխել են (հիվանդանոց), որովհետև հնարավոր է որևէ բան պատահեր կանանց, երեխաների հետ (և հետո փաստի առաջ կանգնեին): Սա ֆաշիզմի և նացիզմի դրսևորում է», - ասաց Բաբայանը։ 

 

Հարցին, թե նախապես պայմանավորվածություն եղե՞լ է, որ մարդկանց են տեղափոխելու, նշեց. 

 

«Իհարկե, նախապես պայմանավորվածություն եղել է, բայց Ադրբեջանի համար ի՞նչ պայմանավորվածություն, ի՞նչ օրենք, ի՞նչ նորմաներ։ Այդ հասարակությանը դարձրել են ատելությամբ լի ամբոխ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք՝ երեկ  ռուս խաղաղապահները փորձել էին ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը:

Պատահարներ