«Ալեքս տեքստիլը» ավելի քան 2 մլն 946 հազար դոլարի հարկային եկամուտ է թաքցրել․ ՔԿ

«Ալեքս տեքստիլը» շուրջ 3 միլիոն դոլարի հարկային եկամուտ է թաքցրել։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

 

Ըստ հաղորդագրության՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և դրա վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից արտադրված և մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար նշված ընկերության տնօրեն Մ. Մ.-ն ՍՊԸ-ի արտադրամասի պետ Ա. Հ.-ի օժանդակությամբ ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ին։  

 

Ըստ գործի նոյւթերի՝ Վ. Ս.-ն վճարի դիմաց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը և իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։ Մ.Մ.-ի և Ա.Հ.-ի հանձնարարությամբ Վ. Ս.-ն  ներդրված առևտրային ծրագրից օգտվելու հասանելիություն է տրամադրել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ին և արտադրամասի պետ Ա. Հ.-ին։ 

 

Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հասանելիություն ունեցող անձինք «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության իրականացրած տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել են առևտրային ծրագիր և իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակել հիշյալ տան նկուղային հարկում թաքցված սերվերային համակարգում: 

 

Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 1.144.765.709 ( շուրջ 2 946 781 դոլար) ՀՀ դրամի վնաս։ 2019թ. սեպտեմբեր ամսից 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել են «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։  

 

«Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն և 2019թ. սեպտեմբերից մինչև 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ 

 

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ընկերության տնօրեն Մ. Մ.-ի և գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ընկերության արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նույն օրը վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։ 

 

 

 

Քաղաքականություն