Քաղաքականություն

Առանց արցախահայերի վերադարձի իրական խաղաղություն չի կարող լինել․ Սաղաթելյան

Առանց արցախահայերի վերադարձի իրական խաղաղություն չի կարող լինել․ Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արձանագրել է, որ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծումն անհնար է առանց դրանք ծնած պատճառների հիմնարար վերացման։Այո, հակամարտությունն…

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արձանագրել է, որ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծումն անհնար է առանց դրանք ծնած պատճառների հիմնարար վերացման։


Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:


«Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։ Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։ Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։ Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։ Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։ Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։ Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։ Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»,-նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250