Քաղաքականություն

Պատրաստ եմ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Չինաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Պատրաստ եմ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Չինաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, ինչի մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի…

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, ինչի մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։


Իր ուղերձում Վան Ին ընդգծել է, որ ներկայումս Չինաստան-Հայաստան փոխհարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով, իսկ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընթանում է կանոնավոր հունով։


«Անցյալ տարի նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ՝ մեր երկրների առաջնորդների ձեռք բերած կարևոր համաձայնությունները կյանքի կոչելու, մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը խթանելու ուղղությամբ»,- ասված է Չինաստանի արտգործնախարարի ուղերձում։


Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հրաժարական էր ներկայացրել օգոստոսի 2-ին, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը Կառավարությունը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր Կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր նախագահի աշխատակազմ։ Նախագահի կողմից Կառավարության հրաժարականը հաստատվելուց հետո, նոր խորհրդարանում մեծամասնություն կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը նրան վերանշանակել էր վարչապետ։


Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև փոխվարչապետերին ու նախարարներին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250