Հերթական վարժական հավաքները կլինեն. կառավարության նիստի օրակարգ

Կառավարության վաղվա օրակարգում ընդգրկված է վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը:

 

Ըստ նախագծի՝ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով:

 

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174–Ն որոշման համաձայն:

 

 Միաժամանակ, ուսուցանվող պահեստազորայինների մասնագիտությունները և քանակները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ 2023թ. հունիս-հուլիս ամիսներին տարվա պատրաստության պլանի համաձայն զորամասերում իրականացվելու են ուսումնական կիսամյակի ամփոփումներ և զորամասերի գնահատումներ` վարժական հավաքները եռամսյա ժամկետի փոխարեն նպատակահարմար է անցկացնել երկու ամիս ժամկետով: