Իրանն ու Ռուսաստանը կարող են արգելակել TRIPP-ի իրականացումը․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ TRIPP նախագծի հարցում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության թե՛ հարավից, թե՛ հյուսիսից։
«Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանը հույս է դնում ամերիկյան կողմի պատրաստակամության վրա։ Սակայն ցանկացած խոշոր տարածաշրջանային նախագիծ կենսունակ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերն ու ընկալումները։ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հստակ ներկայացրել է Թեհրանի մտահոգությունները։ Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային առաջնահերթություններից են TRIPP-ից բխող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների կանխումը։ Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտան լիարժեք իրացնել ապաշրջափակման ներուժը, իսկ մյուս կողմից՝ կչեզոքացնեն ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունից բխող ռիսկերը և կբացառեն Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։ Այս ձևակերպումները վկայում են, որ Իրանի հիմնական մտահոգությունն այն անվտանգային միջավայրն է, որը կարող է ձևավորվել նախագծի իրականացման արդյունքում։
Այս մոտեցումն ունի հստակ աշխարհաքաղաքական հիմքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Թեհրանը էապես զգայուն է դարձել սեփական սահմանների հարևանությամբ ամերիկյան ազդեցության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Եթե Թեհրանում TRIPP-ը ընկալվի որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության գործիք՝ 99 տարվա իրավունքներով ենթակառուցվածքի տեսքով, ապա դժվար կլինի ակնկալել, որ նախագիծը կընդունվի ներկայիս պարամետրերով։ Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ նույնպես ունի հստակ անվտանգային և աշխարհաքաղաքական հիմքեր, թեև արտահայտվում է ավելի զգուշավոր ձևով։ Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության ընդլայնում Հարավային Կովկասում՝ իր ավանդական ազդեցության գոտում։
Չնայած 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, Մոսկվան դեռևս ունի լծակներ, որոնք կարող են ազդել նախագծի ընթացքի վրա։ Ռուսաստանը պահպանում է ազդեցություն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ, ինչը կարող է դառնալ լուրջ գործոն TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացման ժամանակ։ Բացի այդ, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները շարունակում են ծառայություն իրականացնել Հայաստան-Իրան սահմանի որոշ հատվածներում, այդ թվում՝ TRIPP-ի հնարավոր անցման գոտու մոտակայքում։ Այս գործոնները թույլ են տալիս Մոսկվային, անհրաժեշտության դեպքում, բարդացնել կամ դանդաղեցնել նախագծի գործնական իրականացումը։ Պաշտոնական արձագանքը դեռևս զգուշավոր-սկեպտիկ է։ Ռուսաստանը խուսափում է Թրամփի անունը կրող նախագծի նկատմամբ բացահայտ առճակատումից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում արդեն իսկ հնչում են զգուշացումներ Հայաստանի «ուկրաինական ճանապարհով» ընթանալու վտանգների մասին։ Մոսկվան սպառնում է տնտեսական հետևանքներով՝ գազի գների բարձրացում, շուկայի հասանելիության սահմանափակում և հայկական սփյուռքի հետ կապված խնդիրներ։ Այսպիսով, TRIPP-ի ապագան կախված չէ միայն Երևանի և Վաշինգտոնի քաղաքական կամքից։
Որքան էլ Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն նախագծի արագ մեկնարկով, դրա իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց տարածաշրջանային ուժային հավասարակշռության և անվտանգային ճարտարապետության հաշվառման։ Այդ հավասարակշռության կարևոր բաղադրիչներն են Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերը, որոնք անտեսելու դեպքում ցանկացած նախաձեռնություն բախվելու է լուրջ քաղաքական և գործնական դիմադրության։ Հետևաբար, առաջիկա բանակցությունների առանցքային հարցը պետք է լինի ոչ այնքան TRIPP-ի արագ գործարկումը, որքան դրա քաղաքական և անվտանգային վերաձևակերպումը՝ հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի կարմիր գծերը։ Եթե հաջողվի մշակել այնպիսի մոդել, որը կընդունվի նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, նախագիծը կարող է շարունակվել նոր պայմաններով։ Հակառակ դեպքում այն կարող է վերածվել ոչ թե տարածաշրջանային համագործակցության հարթակի, այլ նոր աշխարհաքաղաքական հակասությունների հերթական օջախի։ Իրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ TRIPP-ի սկզբնական տրամաբանությունն այլևս բավարար չէ։
Տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները պահանջում են նախագծի խմբագրում և շահերի նոր հավասարակշռություն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության՝ ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից»,- գրել է Սուրենյանցը։