Գերմանացի քննիչները հայտնաբերել են նավը, որն օգտագործվել է Nord Stream-ը պայթեցնելու համար․ Die Zeit

Գերմանացի քննիչները հայտնաբերել են մի նավ, որը, ենթադրաբար, ներգրավված է «Հյուսիսային հոսքի» պայթեցման մեջ: Սա զբոսանավ է, որը վարձակալվել է Լեհաստանում Ուկրաինայի երկու քաղաքացիներին պատկանող ընկերության կողմից, նշվում է գերմանական Die Zeit թերթի հետաքննության մեջ։
 

Օպերացիան ծովում իրականացրել է հինգ տղամարդուց և մեկ կնոջից բաղկացած խումբ, որի կազմում եղել են կապիտան, երկու ջրասուզակներ, նրանց երկու օգնականները և բժիշկ, գրում է թերթը։ Միաժամանակ պարզ չեն հանցագործների ինքնությունն ու քաղաքացիությունը, քանի որ նրանք կեղծ փաստաթղթեր են օգտագործել։ Նաև դիվերսիայի պատվիրատուները դեռ չեն հաստատվել։

 

Հրապարակումից երևում է, որ խումբը Ռոստոկից հեռացել է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այդ պահին տեխնիկան արդեն նավահանգստում էր, այնուհետև անձնակազմը հասցրել է պայթուցիկները տեղադրել հանցագործության վայրում: Ըստ լրագրողների՝ 2022 թվականի սեպտեմբերին նավը վերադարձվել է չմաքրված վիճակում, իսկ ավելի ուշ դրա վրա պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել։

 

Հոդվածում նշվում է, որ արևմտյան հետախուզական ծառայություններն իրենց եվրոպացի գործընկերներին ասել են, որ դիվերսիայի համար պատասխանատու է «ուկրաինացի հրամանատար»: Միևնույն ժամանակ, քննիչները չեն բացառում, որ գործողությունը կարող էր տեղի ունենալ «կեղծ դրոշի ներքո», և կարող էին հետքից շպրտելու ապացույցներ տեղադրվել։ Բացի այդ, փորձագետները խոստովանում են, որ ուկրաինացիներին մատնանշող հետքը նույնպես կարող է կեղծ լինել, սակայն մինչ այժմ դրա համար որևէ ապացույց չի հայտնաբերվել։

 

Die Zeit-ի հրապարակումից ժամեր առաջ The New York Times-ը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ հետախուզության կողմից ստացված նոր տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարի Nord Stream գազատարի պայթեցումն իրականացվել է ուկրաինամետ որոշ խմբավորումների կողմից։

 

Պարբերականի տվյալներով՝ պայթուցիկները, ամենայն հավանականությամբ, տեղադրվել են փորձառու ջրասուզակների օգնությամբ, որոնք ամենայն հավանականությամբ չեն աշխատել զինվորականների կամ հետախուզական ծառայությունների համար։ Միաժամանակ չի կարելի բացառել, որ նախկինում նրանք հատուկ պատրաստություն են անցել պետության ֆինանսավորմամբ, նշվում է հոդվածում։

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետախուզությունը որևէ ապացույց չունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կամ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները ներգրավված են եղել գործողությանը, նշել են NYT-ի լրագրողները։ Հրապարակման մեջ նշված չէ խմբի անվանումը, ինչպես նաև նրա անդամների անունները։

 

Թերթի տեղեկատուները նույնպես չեն բացահայտել ստացված հետախուզական տվյալների բնույթը, այդ տվյալների աղբյուրները, ինչպես նաև չեն ներկայացրել այս տեղեկատվության իսկության որևէ ապացույց։

 

Մեկնաբանելով The New York Times-ի հրապարակումը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը «ոչ մի կապ չունի Բալթիկ ծովում տեղի ունեցած վթարի հետ և տեղեկություն չունի դիվերսիոն խմբերի մասին, որոնք աջակցել են Ուկրաինային»։
 

Իր հերթին, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Twitter-ում նշել է, որ NYT-ի նյութը հաստատում է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ «մենք իրավացիորեն պնդում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների միջազգային հետաքննություն սկսելու վերաբերյալ»։ Նրա խոսքով՝ այս հարցի քվեարկությունը կանցկացվի մինչեւ մարտի վերջ։