«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը
«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով բացել կապարակնքված գործարանը և վերականգնել իրենց աշխատելու իրավունքը։ Նրանց խոսքով՝ արդեն 10 օրից ավելի է, ինչ ձեռնարկությունը պարապուրդի է մատնված, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։
Աշխատակիցներից մեկը նշել է, որ մարդիկ մինչև հիմա չեն ստացել իրենց աշխատավարձերը, մինչդեռ արդեն մոտենում են կոմունալ վճարումների, վարկերի և վարձավճարների ժամկետները։
«Այսօր արդեն հուլիսի 17-ն է։ Կոմունալների, վարկերի, տան վարձի ժամանակն է եկել։ Ես հաշմանդամ մայր ունեմ, մյուսներն էլ՝ իրենց խնդիրները։ Մենք վաղուց պետք է աշխատավարձ ստացած լինեինք, բայց այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ։ Ոչ ոք մեզ չի ասում՝ գործարանը փակվո՞ւմ է, թե՞ բացվելու է։ Եթե փակվում է, ասեն, որ այլ աշխատանք փնտրենք, եթե բացվելու է, թող գոնե օր ասեն, որ իմանանք՝ ինչ անել», - ասել է նա։
Նրա խոսքով՝ գործարանի ղեկավարությունն էլ հստակ պատասխան չունի, քանի որ ինքն էլ տեղեկություններ չի ստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Աշխատակիցը նշել է, որ ներկայում իրենք շարունակում են պայքարել՝ հույս ունենալով, որ արդար լուծում կգտնվի։
Նրա խոսքով՝ գործարանի դադարեցված աշխատանքը բացասաբար է ազդում նաև այլ ոլորտների վրա, քանի որ ձեռնարկության արտադրանքը օգտագործվում է տարբեր շինարարական և ենթակառուցվածքային ծրագրերում։
Աշխատակիցները շեշտել են, որ իրենց բողոքը բացառապես խաղաղ բնույթ է կրում։
«Մենք ոչինչ չենք քաղաքականացնում, ճանապարհներ չենք փակում, պարզապես ուզում ենք, որ այս հարցը օրինական ճանապարհով լուծվի։ Ամեն օր գալիս ենք նույն հույսով, բայց մինչև հիմա ոչ մի արձագանք չենք ստացել։ Մարդիկ հիփոթեք ունեն, նորածին երեխաներ, վարկեր, վարձով բնակարաններ։ Այս հարցը լուծում է պահանջում», - նշել է աշխատակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին կոչ են արել պատասխանատու կառույցներին հնարավորինս արագ լուծում տալ խնդրին և վերագործարկել գործարանը։