Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որոնցից 6-ը ավարտվել է հոսպիտալացմամբ։ Հիվանդների մոտ հիմնականում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, բարձր ջերմություն, որովայնային ցավ, ինչպես նաև սրտխառնոց, փսխում և փորլուծություն։
Auroranews.am-ը կապ է հաստատել Բյուրեղավանի համայնքապետարանի հետ, որտեղ հայտնել են, որ Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերում շտապօգնության դիմողների թվի կտրուկ աճի պատճառով բնակիչներին կոչ է արվում նշված ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի, ինչպես նաև մինչև իրավիճակի պարզաբանումը խմելու ջուրը օգտագործելուց առաջ պարտադիր եռացնել։
Auroranews.am-ը կապ է հաստատել նաև «Վիոլլա ջուր» ՓԲԸ-ի հետ։ Ընկերությունից հայտնել են, որ արդեն վերցվել են ջրի նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատոր հետազոտության։ Արդյունքները դեռ պատրաստ չեն, ուստի այս պահին որևէ եզրակացություն հնարավոր չէ անել։
Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո։