Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ՌԴ-ի պարտությունը, ապա մենք կպաշտպանվենք ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային
Եթե Վաշինգտոնը երազում է Ռուսաստանի պարտության մասին, կարող է նոր համաշխարհային հակամարտություն սկսվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է Pravda.ru-ն։
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունների կոպիտ սխալը գերակայության եւ անպատժելիության զգացումն է։ Նա Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին ՌԴ-ի մասնակցության կասեցումն անվանել է «հասունացած որոշում», որին Մոսկվային դրդել են ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները:
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային»,-ասել է Մեդվեդեւը:
Նա նաեւ հիշեցրել է, որ Դաշնային ժողովին հղած ուղերձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու անհնարինության մասին: Քաղաքական գործիչը կոչ է արել դիտարկել միջուկային տերությունների արձագանքը ՌՀՍՊ-ի վերաբերյալ Մոսկվայի որոշմանը: