Խորամանկում են․ Զախարովան` Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և թուլացնի նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության աշխատանքի մեկնարկը։
 

«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը` Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են։ Այն ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով։ Հետևաբար` արժե դրան համարժեք վերաբերվել: Ցավոք, առաջինը անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը` ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում»,- նշել է Զախարովան իր մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

 

Նա նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ փորձերի մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության հրապարակային բացասական գնահատականները։ Բացի այդ, ըստ ռուս դիվանագետի, տարբեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը բնավ միանշանակ չէ, և հազիվ թե Բրյուսելում կարող են պարծենալ այս ոլորտում իրենց հաջողություններով։ 

 

ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում շարունակում են մնալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը փետրվարի 20-ին սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը: ԵՄ-ում հայտարարել են, որ այն կոչված է նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Քաղաքականություն

Պատահարներ