ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ փրկարարները Հալեպում այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ 2023 թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։

Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր ուղղեց Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների և թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։

Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրել է Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվեց Տերունական աղոթքը։

Հանդիպման ավարտին եկեղեցում կատարվել է մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։

Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։

 

 

 

 

Քաղաքականություն