Ֆրանսիայի դատախազությունը Իլոն Մասկին կանչել է հարցաքննության

Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է, որ X սոցիալական հարթակի հիմնադիր Իլոն Մասկը և ընկերության նախկին գործադիր տնօրեն Լինդա Յակարրինոն հրավիրվել են հարցաքննության 2026 թվականի ապրիլի 20-ին։ Տեղեկությունը հաստատվել է դատախազության պաշտոնական հաղորդագրությամբ, որը հրապարակել է BFMTV հեռուստաալիքը։


Դատախազության պարզաբանմամբ՝ ընթացող քննությունը նպատակ ունի ապահովել, որ X հարթակի գործունեությունը Ֆրանսիայի տարածքում համապատասխանի ազգային օրենսդրությանը։ Նշվում է, որ գործընթացը դիտարկվում է որպես համագործակցային մոտեցման մաս՝ առանց նախնական եզրակացությունների։


Բացի Մասկից և Յակարրինոյից, ապրիլի 20-ից 24-ը հարցաքննության կներկայանան նաև X հարթակի մի շարք աշխատակիցներ՝ որպես վկաներ։ Միաժամանակ խուզարկություններ են իրականացվում X France ստորաբաժանման գրասենյակներում, որը զբաղվում է ընկերության հանրային կապերով։ 


Նշենք՝ ստեղծված իրավիճակին արձագանքել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը՝ X հարթակում կատարած գրառմամբ։ Նա նշել է, որ Ֆրանսիան քրեական պատասխանատվության է ենթարկում այն սոցիալական ցանցերին, որոնք, իր բնորոշմամբ, օգտատերերին ազատության որոշակի մակարդակ են տալիս։ Դուրովը հավելել է, որ նման պայմաններում Ֆրանսիան չի կարելի անվանել լիարժեք ազատ երկիր։


Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել X հարթակի դեմ՝ այն կասկածի հիման վրա, որ դրա ալգորիթմները կարող էին օգտագործվել օտարերկրյա միջամտության նպատակներով։ Քննության հիմքում ընկած էին երկու պաշտոնական բողոքներ՝ ներկայացված խորհրդարանի պատգամավորի և պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։

Քաղաքականություն