Որոշ դեպքերում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերահաղորդումը կդադարեցվի

Ցանցային օպերատորի՝ լիցենզիա ստացած անձի և օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի միջև ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն այն դեպքում, երբ կարգավորող պետական մարմնին ներկայացվել է թղթային կամ էլեկտրոնային ծանուցում։ Այդ մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


Նրա խոսքով՝ հաջորդ դրույթով սահմանվում է, որ ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը, կարգավորող պետական մարմնից վարչական վարույթի հարուցման մասին տեղեկացվելուց հետո՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ, պարտավոր է 24 ժամվա ընթացքում դադարեցնել տվյալ ծրագրի վերահաղորդումը։


Մեկ այլ դրույթով նախատեսվում է, որ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում, կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո այն ցանցային օպերատորը, որը տվյալ ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ գրավոր համաձայնության հիման վրա իրականացնում է վերահաղորդում, 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները։


Միաժամանակ նշվել է, որ կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր։

Քաղաքականություն