Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապարփակ ապահովագրության շահառուի կարգավիճակը։


Նրա խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը չի կարող հիմք հանդիսանալ ապահովագրության համակարգում քաղաքացու կարգավիճակի փոփոխության համար։ Այսինքն՝ եթե նոյեմբերին աշխատավարձը եղել է մինչև 200 հազար դրամ և քաղաքացին ընդգրկված չի եղել ապահովագրության համակարգում, իսկ դեկտեմբերին հավելավճարների արդյունքում եկամուտը գերազանցել է այդ շեմը, ապա շահառու չլինելու կարգավիճակը պահպանվում է։


Եթե աշխատավարձը 2026 թվականի հունվարին կազմել է 200 հազար 1 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ դա կարձանագրվի, մարտին կառաջանա ապահովագրավճար վճարելու պարտավորություն, և վճարման տվյալը ստանալուց հետո ապրիլի 1-ից կարգավիճակը կակտիվանա։


Ավանեսյանը նշել է նաև, որ եթե քաղաքացու 65 տարին լրանում է հունվարին կամ նա ստանում է օրենքով նախատեսված որևէ կարգավիճակ, որի դեպքում ապահովագրությունը իրականացվում է պետության կողմից (օրինակ՝ հաշմանդամության կարգ), ապա փետրվարի 1-ին տվյալները ներկայացվում են ապահովագրավճարի վճարման համար, և մարտի 1-ից ապահովագրության փաթեթը դառնում է ակտիվ։


Այն դեպքում, երբ կարգավիճակը փոխվում է այնպես, որ անձը այլևս պետության կողմից ապահովագրված չէ, օրինակ՝ լրանում է 18 տարին, ապահովագրության կարգավիճակը դադարում է տարեդարձին հաջորդող ամսի 1-ից։


Նախարարը հավելել է, որ ռեզիդենտության պայմանի կամ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում համապատասխան տվյալները փոփոխվում են տվյալ ամսին հաջորդող ամսի 1-ին, և չվճարողի կարգավիճակը կորչում է այդ ամսաթվից։

Քաղաքականություն