Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության` 2025 թ․ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ համապարփակ կերպով անդրադառնալով այդ ուղղությունների շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման գործընթացին և արձանագրված առաջընթացին:


Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ ընդգծել է, որ այն նախորդիվ համարվել է և շարունակելու է համարվել առաջնահերթություն: Երկրի ղեկավարի խոսքով՝ թվայնացում ասելով պետք է հասկանալ նաև արհեստական բանականության ներդրումը: 


«Մեր պետական համակարգում կան բազմաթիվ ծառայություններ և ստորաբաժանումներ, որոնց գործը մոնիտորինգ անելն է։ Մոնիտորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա, որովհետև դա այն բանն է, որ հաստատ ոչ մեկ ավելի լավ չի կարող անել, որովհետև մոնիտորինգը նշանակում է ուշադրություն տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, իսկ մարդկային մոնիտորինգը միշտ ինչ-որ բան աչքից բաց է թողնելու: Հետևաբար՝ մենք կարող ենք այսպիսի խնդիր դնել, որ որտեղ մոնիտորինգն արվում է, արվի միայն արհեստական բանականության գործիքով: Այսինքն՝ խնդիրն առաջադրվում է և արհեստական բանականությունն է անում»,- նշել է երկրի ղեկավարը։


Զեկուցվել է, որ մեկնարկել են գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որով նախատեսվում է ապահովել ընթացակարգերի լիարժեք թվայնացում, գնումների քաղաքականության բարելավում, թափանցիկության բարձրացում։ Զեկուցվել է նաև, որ հաշվետու տարում կրճատվել է նաև պետական կառավարաման համակարգի կողմից 1 անձից գնումների ծավալը։ Վարչապետը հետաքրքրվել է Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացից, ինչին ի պատասխան փոխնախարար Ավագ Ավանեսյանը պատասխանել է, որ այն կգործի 2027 թվականին: «Համակարգն աշխատելու է 10 տարի: Մենք այս անգամ ոչ թե ձեռք ենք բերել համակարգ, որը հետո պետք է սպասարկվի, այլ ամբողջական փաթեթն ենք ձեռք բերել։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ 10 տարի պետք է անընդհատ համակարգն աշխատի»,- ասել է փոխնախարարը:


Նիկոլ Փաշինյանը հարցրել է՝ համակարգի պայմաններում շրջանառության մեջ թուղթ լինելո՞ւ է: Փոխնախարարը պատասխանել է, որ գրեթե բացառվում է: 

Քաղաքականություն