Պուտինի հետ փոխզիջում ենք գտել. Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ Մերձավոր Արեւելքում շահերի վերաբերյալ փոխզիջում է գտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանը, իբր, ցանկանում է «բանակ» ստեղծել եւ այն տեղակայել Սիրիայում՝ Իսրայելի սահմանի մոտ։ Բացի այդ, Թեհրանը, նրա կարծիքով, «ձգտում է ոչնչացնել հրեական պետությունը եւ միջուկային զենքի մշակմամբ վտանգի ենթարկել նրա բնակիչներին»։
«Սկզբում ես Պուտինին ասացի. «Տեսեք, մենք կարող ենք ընտրել՝ կարող ենք գնալ առճակատման կամ ընդհանուր լեզու գտնել: Իսրայելն ազատ է գործում... Մենք չենք միջամտում ձեր գործողություններին Սիրիայում, իսկ դուք մեզ եք հանգիստ թողնում»։ Մենք փոխզիջում ենք գտել, որը ծառայում է Իսրայելի շահերին, եւ Պուտինը կարծում է, որ դա չի սպառնում ռուսական շահերին»,- ասել է Նեթանյահուն ֆրանսիական LCI հեռուստաալիքին։
Քաղաքական գործչի մատնանշմամբ, ինքն ու Պուտինը որոշել են «իրար հանգիստ թողնել»։
Ավելի վաղ Նեթանյահուն նշել էր, որ Իսրայելը չի ցանկանում ռազմական առճակատման գնալ Ռուսաստանի հետ։
Միաժամանակ նա խոստովանել է, որ երկու երկրները «բարդ հարաբերություններ» ունեն։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Սիրիայի հետ սահմանին իսրայելական ու ռուսական ինքնաթիռները թռչում են միմյանցից «թքելու հեռավորության վրա»։ Նեթանյահուն նշել է, որ Թել Ավիվը օդում գործողությունների ազատության կարիք ունի, սակայն դա կարող է հանգեցնել Մոսկվայի հետ առճակատման՝ ընդգծելով, որ իրադարձությունների նման զարգացում չի ցանկանում։