Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 24%-ով

2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր: 
 

2023 թվականը թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի է լինելու։ Այսօր Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը` նշելով, որ նիստում ամփոփել է 2022թ.–ի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: 


Այսպիսով` անցած տարի հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4%-ով: 
Արձանագրված 7367 դեպքից 3602-ը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպք է եղել, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպք։ 
Ընդհանուր առմամբ գրանցվել է 37 հազար 612 դեպք։ 


«Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության ու գողության դեպքերը», – կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։ 


Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք: 
2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր: 


Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 321, մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: 

 

Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով: 
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը բավարար գնահատել է կատարված աշխատանքը, նշել թերություններն ու բացթողումները և համապատասխան հանձնարարականներ է տվել դրանք վերացնելու համար: 

 

Քաղաքականություն

Պատահարներ