Պետդումայի հայ պաշտոնյան մեղադրվում է եվրոպացի օրենսդիրներին կաշառելու մեջ

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» կենտրոնը (OCCRP) մի շարք այլ կառույցների հետ համատեղ հետաքննությամբ պարզել է, որ Ռուսաստանը եվրոպացի պաշտոնյաներին կաշառել է Ղրիմի և միջազգային պատժամիջոցների հարցում Ռուսաստանի համար բարենպաստ օրինագծեր ներկայացնելու դիմաց: 

Հետաքննությանը մասնակցել են «Կարևոր պատմություններ» առցանց ռուսական պարբերականը, Eesti Ekspress էստոնական պարբերականը, OCCRP-ն, Հետաքննական լրագրության իտալական կենտրոնը (IRPI) և Profil կայքը: 

Ըստ հրապարակված զեկույցի, Պետական դումայի աշխատակազմի պաշտոնյա Սարգիս Միրզախանյանը համակարգել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու աշխատանքը: Եվրոպացի օրենսդիրները կարող էին մինչև 20 հազար եվրո ստանալ Ռուսաստանի շահերն ապահովելու համար: 

Հետաքննողները տեղեկությունները ստացել են այդ եվրոպացի քաղաքական գործիչների հետ կապերը համակարգող Միրզախանյանի էլեկտրոնային փոստից արտահոսքի եղանակով ստացված փաստաթղթերից: 

Միրզախանյանը ռուսական և ուկրաինական մամուլում պատվիրել է Մոսկվայի համար բարենպաստ հոդվածներ, վարձել է բլոգերներ, կազմակերպել է ռուսամետ հանրահավաքներ և կապեր է հաստատել Եվրոպայի մի շարք երկրների քաղաքական գործիչների հետ: 

Դա արվել է ռուսամետ օրակարգը եվրոպական պետություններում առաջ տանելու նպատակով: 

Մասնավորապես, 2016 թվականի ապրիլին Իտալիայի Վենետոյի վարչական շրջանի տեղական օրենսդիր ժողովում ներկայացվել է Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու և պատժամիջոցները չեղարկելու օրինագիծ: 

Այն հեղինակել է տեղական խորհրդի պատգամավոր Ստեֆանո Վալդեգամբերին: Նախագծին կողմ է քվեարկել Վենետոյի շրջանային ժողովի 27 պատգամավորներ: 

2016 թվականի հունիսին Միրզախանյանը կազմել է գործողությունների ծրագիր, որը վերնագրել է «Բանաձևեր Ավստրիայում և Իտալիայում»: Նա աշխատանքային փաստաթղթում նշել է, որ Իտալիայի Սենատ բանաձևը կներկայացնի Վալդեգամբերիի գործընկերը, «Հյուսիսի լիգա» աջակողմյան կուսակցության սենատոր Պաոլո Տոսատոն: 

Միրզախանյանի կազմած փաստաթղթի «Ծախսեր» բաժնում նշվում է «20 հազար եվրո + 20 հազար եվրո, իսկ բարեհաջող քվեարկության պարագայում երկու դեպքում էլ + հազար եվրո»: 

Դրանից օրեր անց Տոսատոն իսկապես ներկայացրել է օրինագիծը, սակայն Սենատը հունիսի 27-ին այն մերժել է: 

Նույն փաստաթղթում ասվում է, որ Ավստրիայի խորհրդարան նմանօրինակ բանաձև ներկայացնելու համար «կվճարվի 20 հազար եվրո, և այն ընդունելու դեպքում + 15 հազար եվրո»: Հանձնարարությունը պետք է կատարեր «Ազատության» կուսակցությունից խորհրդարան ընտրված Յոհանես Հյուբները: 

2016 թվականի հունիսին նա ներկայացրել է բանաձևը, սակայն Ավստրիայի խորհրդարանն այն մերժել է: 

Հետաքննողները Միրզախանյանի էլեկտրոնային փոստարկղում հայտնաբերել են նմանօրինակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեին Լատվիայի, Հունաստանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների շրջանում: 

Կրեմլի քաղաքական տեխնոլոգների ամենահաջողված գործողությունը համարվում է Կիպրոսի քվեարկությունը: 2016 թվականի հուլիսին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով Եվրամիությանը կոչ է արել չեղյալ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: 

 

Քաղաքականություն

Պատահարներ