Տեղումնազուրկ ձմեռն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գյուղատնտեսության համար

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է, թե տեղումնազուրկ ձմեռն ինչ հետևանքներ կարող է ունենալ գյուղատնտեսության համար։ Ձյան բացակայությունը կարող է շատ մեծ վնաս հասցնել հիմնականում աշնանացան ցորենի բերքատվությանը։ Ձյան շերտը պաշտպանում է ցորենը ցրտահարությունից։ 

 

Նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։ Այս տարվա ձմռան ամիսներն աչքի չեն ընկնում տեղումների առատությամբ, ինչն իր հերթին հարուցել է գյուղական շատ համայնքների հողագործների մտահոգությունը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության համաձայն` Հայաստանի տարածքում մինչև հունվարի 25-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: 
 

«Տեղումնազուրկ եղանակի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ խոնավություն նույնպես չի կուտակվի, և երբ եղանակը սկսի տաքանալ, մշակաբույսերի աճը կարող է շատ դանդաղ լինել։ Եվ վերջապես ձյան բացակայության պայմաններում լավ բերքատվության ակնկալիք չենք կարող ունենալ»,– ասաց Ավետիսյանը։ Այդուհանդերձ մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ բնությունը կպահպանի իր հաշվեկշիռը։ Ըստ նրա` օրինաչափությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հատկապես փետրվար–մարտ ամիսներին տեղումները դառնում են ինտենսիվ։ 
Անդրադառնալով հունվար ամսվա համար անսովոր տաք եղանակային պայմաններին` Ավետիսյանն ընդգծեց, որ գործ ունենք եղանակային անոմալիայի հետ։ 
 

«Եղանակային նման փոփոխությունները գլոբալ տաքացման արդյունք են։ Բնությունն ինքն է թելադրում, իսկ գյուղատնտեսությունը սովորաբար կախված է եղանակի քմահաճույքներից։ Հաշվի առնելով տվյալ հանգամանքը` պետք է հետագայում դիվերսիֆիկացիայի ենթարկել մշակաբույսերը։ Այսինքն` աճեցնենք նաև այնպիսի սորտեր, որոնք կարող են ավելի երաշտադիմացկուն լինել և ավելի քիչ խոնավություն պահանջել»,– նշեց Ավետիսյանը։ Տեղումնազուրկ եղանակը, սակայն, այնքան էլ վնաս չէ ծառերի համար, և եթե կա արհեստական ոռոգում, հոգ չէ, պարզապես ձյան բացակայության կամ խիստ սակավության պայմաններում կարող են տուժել հացահատիկային մշակաբույսերը։ 

 

Քաղաքականություն