«Յուվենտուսը» զրկվեց 15 միավորից
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատարանը զրկեց «Յուվենտուսին» 15 միավորից Իտալիայի ընթացիկ առաջնությունում, հաղորդում է Sky-ը։
Պատճառը թուրինյան ակումբի նախկին ղեկավարության ֆինանսական խարդախություններն են։
Ակումբի նախկին նախագահ Անդրեա Անիելին եւ նախկին գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն որակազրկվել են 2 տարով, ակումբի նախկին փոխնախագահ Պավել Նեդվեդը՝ 8 ամսով, գործող մարզական տնօրեն Ֆեդերիկո Կերուբինին՝ 1,4 տարով, նախկին մարզական տնօրեն, այժմ «Տոտենհեմում» նույն պաշտոնը զբաղեցնող Ֆաբիո Պարատիչին՝ 2,5 տարով։ Որակազրկումը տարածվում է իտալական ֆուտբոլում։
«Յուվենտուսը» դեռ կարող է բողոքարկել այս որոշումները։
«Յուվենտուսն» այժմ 22 միավորով 10-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախկին ղեկավարությունը մեղադրվում է հաշվապահական հնարքների միջոցով 4 քրեական հոդված խախտելու մեջ:
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ «Յուվենտուսը» գաղտնի վճարել էր թիմի ֆուտբոլիստների ամբողջական աշխատավարձերը, սակայն հայտարարել էր, որ խաղացողները ժամանակավոր հրաժարվել են գումարի մի մասից: Վերջերս ակումբի ղեկավարությունը հրաժարական էր տվել ամբողջ կազմով։