Ռոնալդուի և Մեսսիի ամենավառ շոուն. ինչպես է անցել ֆուտբոլի աստղերի միգուցե վերջին հանդիպումը

Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հանդիպել են ֆուտբոլի դաշտում: Սա տեղի է ունեցել ՊՍԺ-ի և «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» աստղային խաղացողներից կազմված թիմի միջև ընկերական խաղի շրջանակներում, որը կոչվում է նաև Էր Ռիադի հավաքական: Պորտուգալացին, ով ռեկորդային պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ, վերջապես իր նորամուտը նշեց Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է Chempionat-ը

 

Ռոնալդուի, Մեսսիի, Կիլիան Մբապեի, Նեյմարի և համաշխարհային ֆուտբոլի այլ աստղերի մասնակցությամբ ընկերական խաղը «Քինգ Ֆահդ» մարզադաշտում գրավեց ավելի շատ հանդիսատես, քան Սաուդյան Արաբիայի ցանկացած պաշտոնական խաղ: Հանդիպումից առաջ թիմերը համատեղ լուսանկարվել են երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ։ Պորտուգալացին ու արգենտինացին բարձր տրամադրություն ունեին ու խաղադաշտ մտան ժպիտով։ Մրցակիցները միմյանց ողջունել են նույնիսկ ենթաբաժնում, իսկ մեկնարկային սուլիչից առաջ Ռոնալդուն ու Մեսսին սեղմել են ձեռքերը, Կրիշտիանուն գրկել է Լեոյին։ 

 

Նշենք, որ փարիզյան թիմը Էր Ռիադի հավաքականին հաղթեց 5:4 հաշվով: Երրորդ րոպեին հաշիվը բացեց Մեսսին: 34-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հստակ իրացնելով 11 մետրանոցը հավասարեցրեց հաշիվը: 42-րդ րոպեին Բերնատը կարմիր քարտ ստացավ, իսկ մեկ րոպե անց 10 հոգով մնացած փարիզյան թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ:

 

43-րդ րոպեին աչքի ընկավ Մարկինյոսը: Առաջին խաղակեսի վեջին րոպեին Ռոնալդուն կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

 

53-րդ րոպեին Ռամոսն առաջ մղեց փարիզյան թիմին, 56-ին Յանգ Հուն Սոն հաշիվը դարձրեց 3:3: 4 րոպե անց Մբապպեն հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 78-ին Էկիտեկեն հաշիվը դարձրեց 5:3: 94-րդ րոպեին Տալիսկան հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի:

 

Ըստ լրատվամիջոցի` հնարավոր է՝ սա խաղադաշտում Մեսսիի վերջին հանդիպումը լինի Ռոնալդուի հետ: Ուրիշ որտե՞ղ կարող են իրենց թիմերի ճանապարհները հատվել: Այնուամենայնիվ, ըստ լուրերի, Լեոյին Սաուդյան Արաբիայում առաջարկում են նույնիսկ ավելի շահավետ պայմանագիր, քան ունի Կրիշտիանոն, այնպես որ դեռ վաղ է վերջ տալ նրանց դիմակայությանը, գրում է կայքը: