Արցախում որոշ ապրանքներ կվաճառվեն միայն կտրոնով
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 14-15.01.2023թ. դրությամբ:
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:
Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։ Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից:
Ինչ է դա նշանակում
Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի անբավարարության սուր խնդրի առջև։ Արցախի կառավարությունը ներդնում է կտրոնային համակարգը՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակվում է իրականացվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 9 հիվանդ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել 28 հիվանդ։
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց են հրապարակել:
Հունվարի 13-ին Արցախի ու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված արտահերթ զեկույց: Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հանրային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «Էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին:
Տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
ԱՀ նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:
Օրվա վիճակագրական թարմացումներ
14 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 14,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 36 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: