Կճոյանը հրավիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:  Այս մասին տեղեկանում ենք Ազդարար համակարգից։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

 

Ծանուցագիրը ստանալու պահից Կճոյանը մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

 

Կճոյանի մեղադրանքը կապված էր տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ։ Դրա կիզակետում էր հայտնվել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շուրջ 6 տարի առաջ տվյալ գործով 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, ով քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է եղել արքեպիսկոպոսի հետ։ Սուքիասյանը 2020-ին պատժի մեղմացման արդյունքում ազատ արձակվեց։ Այս քրեական գործով 2022-ին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ արդարացվել է։