«Փյունիկի» սեփականատերը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով 2022 թվականը, ինչպես նաև բարձրաձայնել հայկական ֆուտբոլում առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին, գրում է Armsport.am-ը:

 

Շատերի համար ՀՖՖ աշխատանքը գնահատելու գլխավոր չափորոշիչը Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն են ու գրանցած արդյունքները:


– Ցավոք, այն, ինչ մենք տեսանք ազգային հավաքականի մոտ, նույնպես լավատեսություն չի ներշնչում։ Պրոֆեսիոնալ մոտեցման բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի հավաքականից հեռացել են թիմի առաջատարները, իսկ վերջին արդյունքները մեծ հիասթափություն են առաջացրել երկրպագուների մոտ։ Այս ամենը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։ ՀՖՖ-ն ազգային հավաքականների խաղերը վերածել է մեծ հավաքույթի, հսկայական գումարներ է ծախսում չարթերների վրա՝ իրենց մտերիմների համար, տնային հանդիպումների ՎԻՊ հրավիրատոմսեր է բաժանում իրենց ընկերներին՝ մոռանալով նրանց մասին, ովքեր իսկապես աշխատել են հայկական ֆուտբոլի փառքի համար։


Օրինակ, ՀՖՖ 30-ամյակի տոնակատարությանը, որը մեծ շուքով անցկացվեց այս ամռանը, ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը և նրա մայրը ՝ Մարինա Թաշչյանը, ովքեր հայկական ֆուտբոլի համար անհամեմատ ավելին են արել, քան գործող ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունն ու աշխատակիցները միասին վերցրած։

 

 

- Զրույցի սկզբում նշեցիք, որ հայկական ֆուտբոլում մեծ ներուժ եք տեսնում, արդյո՞ք ՀՖՖ ներկայիս ղեկավարությունն ունակ է ռեալիզացնել դա:

 

- Դա իմ գլխավոր ցավն է, բայց ես տեսնում եմ շատ տաղանդավոր երիտասարդների սերունդ։ Կան խաղացողներ, ովքեր կարող են մեծ աստղեր դառնալ: Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել և հայտարարել, որ մենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական շանսեր կարող ենք ունենալ առաջիկա վեց տարվա ընթացքում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, և անհրաժեշտ է հենց հիմա, հենց այս պահից սկսել։ Առաջին բանը, իհարկե, պետք է փոխել ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը։ Այդ պատճառով «Փյունիկ ՖԱ»-ի անունից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք անվստահության քվե ենք հայտնում ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը: Կոչ ենք անում ֆեդերացիայի բոլոր անդամներին միանալ մեզ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միավորվել հանուն մեր ֆուտբոլի ապագայի և վերջապես ընտրել փորձառու, պրոֆեսիոնալ կառավարիչներ, ովքեր կօգնեն մեր ֆուտբոլին շարժվել առաջ, ոչ թե ունենալ հետընթաց: