Իրանը պահանջել է10 խաղով որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին` երկրի արժանապատվությունը վիրավորելու համար
Իրանը 10 խաղով որակազրկում է պահանջել ԱՄՆ-ի հավաքականի համար։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե, որում պահանջել է որակազրկել ամերիկյան թիմին՝ Իրանի «արժանապատվությունը վիրավորելու» համար։
«ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած անձ կամ մարդկանց խումբ, որը վիրավորում է երկրի արժանապատվությունը կամ ամբողջականությունը, պետք է որակազրկվի առնվազն 10 խաղով կամ որոշակի ժամկետով»,- ասվում է բողոքում։
Երեկ ԱՄՆ-ի հավաքականի սոցցանցերում հայտնվել է B խմբի աղյուսակը ԱԱ 2022-ի խմբային փուլի երկու տուրից հետո։ Իրանի դրոշի վրա Իսլամական Հանրապետության զինանշան չկա՝ կան միայն կանաչ, սպիտակ և կարմիր գծեր։
ԱՄՆ թիմը բացատրել է, որ դրոշի նման պատկեր են տեղադրել՝ ի պաշտպանություն «կանանց, որոնք պայքարում են մարդու հիմնական իրավունքների համար»։
ՖԻՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել այս հարցը, սակայն կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ի որակազրկումը քիչ հավանական է:
ԱԱ 2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում կհանդիպեն ԱՄՆ-ի և Իրանի հավաքականները։ Խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 29-ին։