Ռոնալդուն` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզման մասին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին մեկնաբանությունն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի վաղաժամ խզումից հետո։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո մենք փոխադարձ որոշման եկանք խզել պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և երկրպագուներին։ Կարծես` նոր մարտահրավերի ժամանակն է: «Մանչեսթեր Յունայթեդին» ամենայն բարիք եմ մաղթում»,- սոցցանցում Ռոնալդուի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 22-ին հայտարարեց Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։ Այժմ պորտուգալացին ազատ գործակալ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա ֆուտբոլիստը լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում հրապարակայնորեն քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին, ղեկավարությանը և վարած քաղաքականությանը։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն Անգլիայի առաջնությունում անցկացրել է տասը հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջող մրցաշրջանին` ֆուտբոլիստը ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում՝ Քաթարում անցկացվող 2022 թվականի աշխարհի առաջնության համար։