Աբովյանի շենքերից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներ ունի
Այսօր, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Տուժած 45-ամյա քաղաքացին գտնվում է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել են կենտրոնից։
«Տուժածը տղամարդ է։ Նրա մոտ այրվածքներ կան ոտքերի, ձեռքերի, մեջքի շրջանում։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Հավելյալ տեղեկություն կարող ենք տալ ավելի ուշ»,– նշեցին կենտրոնից։