Սիրիան Իսրայելի հարվածների հարցով դիմել է ՄԱԿ-ին

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին՝ կոչ անելով դատապարտել իսրայելական հարվածները սիրիական տարածքներին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է սիրիական SANA պետական ​​գործակալությունը։

 

Նրա խոսքով, հաղորդագրություններում սիրիական կողմը նշել է, որ իսրայելական զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայում քաղաքացիական օբյեկտներին, ինչը վտանգ է ներկայացնում նավարկության և քաղաքացիական ավիացիայի համար, ինչպես նաև վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը։ Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին գնահատել Իսրայելի գործողությունները որպես «ՄԱԿ-ի անդամ երկրի ինքնիշխանության միտումնավոր և կրկնվող խախտում», որը «ուղղակի սպառնալիք է խաղաղությանն ու անվտանգությանը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»:

 

Չորեքշաբթի, ինչպես հաղորդում է SANA-ն, Իսրայելի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել սիրիական Հալեպի արվարձանում գտնվող միջազգային օդանավակայանի վրա։ Նույն օրը սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոս նահանգի երկնքում հետ են մղել իսրայելական գրոհը՝ խոցելով մի քանի հրթիռ։ Գնդակոծության հետևանքով նյութական վնաս է պատճառվել, զոհեր և վիրավորներ չկան

Քաղաքականություն