Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել․
«Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար:
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ:
2020թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով:
Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում:
Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը:
Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:Այս մասին ի...
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ կա
Ահազանգ կա, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարք կա տեղադրված: Auroranews-ին ահազանգել են քաղաքացիներ և հայտնել...
Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են
Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝...