Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին, նշելով, որ մերժում է ՀՀ գերատեսչության հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի օգոստոսի 3-ի հայտարարությանը, որում ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 

Սրան ի պատասխան Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է.«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 3-ի հայտարարությունը, որով «անարդարացիորեն» (չակերտները` Tert.am) մեղադրվում է ադրբեջանական կողմը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթները չեն կատարվել, մասնավորապես «հայկական զինված կազմավորումները» (չակերտները` Tert.am) դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի «տարածքներից» (չակերտները` Tert.am)։ Եռակողմ հայտարարության 4-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ... 

Ընդգծում ենք, որ վերջին շրջանում տիրող լարվածության պատճառը «Ադրբեջանի տարածքում» (չակերտները` Tert.am) հայկական «անօրինական զինված խմբավորումների» (չակերտները` Tert.am) առկայությունն է և նրանց «սադրանքները» (չակերտները` Tert.am)... 

Անդրադառնալով եռակողմ հայտարարության 6-րդ կետին` Հայաստանի ԱԳՆ-ին, որն Ադրբեջանին մեղադրում է համապատասխան դրույթը խախտելու համար, հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի կառուցումն արդեն երկար ամիսներ շարունակվում է համաձայնեցված երթուղով, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այդ ճանապարհի մասին...», - ասվում է  հայտարարությունում: 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը.«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը: 

Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: 

Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ 

Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար: 

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ: 

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները: 

Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»: 


 

Քաղաքականություն

Պատահարներ