Լուսանկարներ․ Պարզվել է «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով մահացածի և 6 վիրավորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում պարզվել է այսօր՝ հուլիսի 6-ին, Աշտարակ քաղաքի  «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը: 

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Կ.-ն, ով «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղի կառավարիչ է, Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Հայկ Չ.-ն, ով նշված բանկի անվտանգության աշխատակից է, Արագածոտնի մարզի բնակիչներ, 59-ամյա Ռուզաննա Խ.-ն, ով նշված բանկի մաքրուհին էր, վերջինս հիվանդանոցում մահացել է, 26-ամյա Լենա Ա.-ն, ով նշված բանկի աշխատակից է, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Շ,-ն, ով նշված բանկի աշխատակից է  և Արագածոտնի մարզի բնակիչներ, բանկի հաճախորդներ, 44-ամյա Հարություն Խ.-ն և 50-ամյա Արմեն Մ.-ն: 

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք հուլիսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում պայթյուն էր հնչել։ Պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել էր։ Օպերատիվ էին գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։