Քաղաքականություն

«ԱԺ-ն ներեկեղեցական հարցերի քննարկման հարթակ չէ»․ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ իշխանությունների հայտարարությունների մասին

«ԱԺ-ն ներեկեղեցական հարցերի քննարկման հարթակ չէ»․ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ իշխանությունների հայտարարությունների մասին
Օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Ժողովի…

Օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովի օրակարգում ընդգրկված են եղել Եկեղեցու վարչական, կանոնական և կարգապահական խնդիրները, Եկեղեցու առաքելությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում ստեղծված իրավիճակը։

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ազգային ժողովում վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ հնչող հայտարարություններին։

Խորհուրդը նշել է, որ «խոր ցավով» է հետևում նորակազմ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության ներկայացուցիչների վարքագծին՝ այն որակելով անընդունելի։

Ըստ հայտարարության՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում իշխանությունը, իր պարտականությունների կատարման փոխարեն, կրկին թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցին։ Գերագույն հոգևոր խորհրդի գնահատմամբ՝ նման քաղաքականությունը կարող է խորացնել առկա լարվածությունը և նոր պառակտումներ առաջացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները փորձում են վարկաբեկել Եկեղեցին և եկեղեցականներին՝ Հայ առաքելական եկեղեցուն մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու մեջ։

Խորհուրդը նաև անդրադարձել է Արցախի վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշմանը։ Ըստ հայտարարության՝ Արցախի համար աղոթելը, արցախահայության իրավունքների, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցերը բարձրաձայնելու պատճառով Եկեղեցին ներկայացվում է որպես «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք»։

Գերագույն հոգևոր խորհուրդը պնդում է, որ Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների դեմ մեղադրանքներով ու քրեական հետապնդումներով փորձ է արվում հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին միջամտելու և Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու համար։

«Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ»,- ասված է հայտարարությունում։

Խորհուրդը շեշտել է, որ կառավարությունը Սահմանադրությամբ որևէ լիազորություն չունի Հայոց եկեղեցու բարենորոգումը կառավարության ծրագրի մաս դարձնելու կամ եկեղեցականներին իր հայեցողությամբ պահանջներ ու առաջարկներ պարտադրելու համար։

«Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով»,- հայտարարել է Գերագույն հոգևոր խորհուրդը։

Հայտարարությունում որպես իշխանությունների՝ Եկեղեցու նկատմամբ քաղաքականության դրսևորումներ հիշատակվում են նաև հանրակրթական դպրոցներից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, ինչպես նաև, ըստ խորհրդի, չհիմնավորված տույժերի և տուգանքների միջոցով Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։

Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է, որ Հայ առաքելական եկեղեցին շարունակելու է առաջնորդվել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության շահերով և լինել ազգային ինքնության ու միաբանության պաշտպանը։

Նմանատիպ հոդվածներ

ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250