«Որոշ խնդիրներ են ի հայտ եկել». Սանոսյանը վարչապետին ներկայացրեց ճանապարհներին կատարվող աշխատանքները

Այսօր կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսանը` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկման, թե իրեն ներկայացված տեղեկանքում նշված է, որ աշխատանքներն ավարտական փուլում են, այնինչ ինքն իր աչքով ուրիշ բան է տեսել, հայտնեց, որ Դիլիջանի ոլորանների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, բայց կատարված աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։

 

«Գրված է, որ աշխատանքներն ավարտական փուլում են, բայց տպավորություն կա, թե դրանք արդեն ավարտված են, որովհետև ես մի երկու անգամ անցել եմ, այնտեղ աշխատանքներ չկան արդեն»,– ասաց վարչապետը։

 

Սանոսյանն էլ պատասխանեց, որ շինարարական կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտված ճանապարհի վրա շտկումներ կատարելու հարցով։

 

«Ինքը գիտի` ինչը պետք է շտկի, քանի կիլոմետր, ուղղակի հիմա մենք գումարը բերում ենք նախարարություն։ Իրենք աշխատանքները կշտկեն, և այնտեղ մի քանի հենասյուներ ենք ավելացնում անվտանգության համար, որից հետո գումարը կվճարենք»,– ասաց Սանոսյանը։

 

Վերջինիս խոսքով` որոշ խնդիրներ են ի հայտ եկել նաև այլ ճանապարհների վրա։ Սանոսյանը հայտնեց, որ այդ կազմակերպություններն առայժմ չեն վճարվել և կվճարվեն միայն թերությունները շտկելուց հետո։

 

Փաշինյանը նշեց, որ կազմակերպությունները պետք է վճարվեն բացառապես կատարված շինաշխատանքը կառավարության կողմից ընդունվելուց հետո։ Բայց նաև հարկավոր է կարգ մշակել, որպեսզի նման չարաշահումների կրկնությունները բացառվեն։

 

«Պետք է համապատասխան վերաբերմունք ձևավորենք այդ ընկերությունների նկատմամբ, որովհետև, ճիշտ է, մենք պարտադրում ենք` թերությունը վերացնում են, բայց ժամանակը, որ մենք կորցրել ենք, դա էլ եկեք հաշվենք, որ որևէ գնանշումով հաշվարկված չէ, բայց շատ կարևոր է»,– ասաց Փաշինյանը։