ԱՄՆ դեսպանը` ՀՀ–ում 30 տարում արած ներդրումների մասին
1992թ–ից սկսած ԱՄՆ–ը Հայաստանում սոցիալական զարգացման ու ժողովրդավարության կայացման նպատակով շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն է տրամադրել։
Այս մասին այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումում» հայտարարեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Այն, ինչ մենք անում ենք աջակցության տիրույթում հնարավոր չէր լինի, եթե չլիներ փոխգործակցությունը, չլիներ ժողովրդի կամքը, չլինեին մարդիկ, ովքեր ցանկանում էին օգտվել ու քաղել այդ աջակցության պտուղները։ Եվ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել ի դեմս ՀՀ կառավարության։ Բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության օրակարգում մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք ուղղված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, և, որ ամենակարևորն է` մարդկային կապիտալում ներդրումներում»,– ասաց դեսպանը` հավելելով, որ մարդկային կապիտալում ներդրումներն են, որ թույլ են տալիս, որպեսզի ժողովրդավարությունն աճի ու զարգացում ապրի։
Իսկ որպես մարդկային կապիտալում կատարված ու կատարող ներդրումների ցայտուն օրինակ Լին Թրեյսին բերեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնումն ու տարբեր կրթական ծրագրերի ֆինանսավորումը։
«Սա ուղղակի մեկ ներդրում չէ, այլ ներդրում, որի արդյունքները երկար ժամանակ տեսանելի կլինեն»,– ասաց նա։
Ամերիկացի դիվանագետը խոսեց նաև ՀՀ-ում ԱՄՆ ապագա ծրագրերից` հատկապես կարևորելով հանրային հատվածում ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը, լրագրողական տարբեր ծրագրերն ու կոռուպցիայի դեմ պայքարը, դատական ու իրավապահ համակարգերի բարեփոխումները։