Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար

 Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի` հնարավո՞ր է արդյոք Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում։

 

«Մենք ասում ենք, որ առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն` Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն։ Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը։ Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,– ասաց ԱԽ քարտուղարը։

 

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ստեղծման հարցին, Գրիգորյանը հայտնեց, որ հանձնաժողովի կազմը պատրաստ է ու առաջիկայում կհրապարակվի։

Մինչ այդ ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ Սոչիի ու Բրյուսելի հայտարարություններով` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ձևավորեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային երկկողմ խումբ։ Իսկ գործընթացի իականացման ընթացքում կողմերը կարող են դիմել և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի օգնությանը։

 

Հիշեցնենք` ապրիլին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներները համաձայնության եկել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կստեղծվի մինչև ամսվա վերջ։

Մայիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երկու երկրների հանձնաժողովների առաջին հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Չնայած դրան, ՀՀ կառավարությունն առայսօր չի հրապարակում հայկական կողմի կազմը։

Քաղաքականություն